ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Եթե կտավի վրա չկա արվեստի գործ, դա ներկված կտավ է»

«Եթե կտավի վրա չկա արվեստի գործ, դա ներկված կտավ է»
27.10.2012 | 13:03

ՌՈԲԵՐՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ` նկարիչների միությունում վերջերս բացված ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսում ներկայացված էին 60-ից ավելի աշխատանքներ:

Նա ավելի շատ ստեղծագործում է գրաֆիկայի և օֆորտի բնագավառում, սակայն ցուցահանդեսում ներկայացված էին նաև բազմաթիվ գեղանկարչական գործեր:
Ռոբերտ Մանուկյանի գեղարվեստական աշխատանքներն իրենց տեղն են գտել Հայաստանի ազգային պատկերասրահում, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, Բաղդադի, Մոսկվայի և Կաունասի Ազգային թանգարաններում, Խարկովի, Ռիգայի, Սանկտ-Պետերբուրգի, Բեռլինի, Փարիզի, Լոս-Անջելեսի և այլ քաղաքների անհատական հավաքածուներում:
-Գրքերի շնորհանդեսներն աստիճանաբար վերածվում են շնորհանդես-վաճառքի, որի ընթացքում գրողները քիչ թե շատ վաճառում են իրենց գրքերը: Նկարիչների ավանդական ցուցահանդեսները նո՞ւյնպես միտում ունեն վերածվելու ցուցահանդես-վաճառքի:
-Ցուցահանդեսը մեր ժողովրդի մշակույթի կարևոր էլեմենտներից է, և չպետք է կորցնել ավանդական ձևը:
-Արվեստի գործը, հոգևոր լինելուց զատ, նաև նյութական արժեք է, չե՞ք կարծում, որ դրանից շահում է արվեստագետը:
-Անկասկած, մշակույթը նաև նյութական արժեք ունի և դա նոր բան չէ, դա բոլոր դարերում է եղել: Ցուցահանդես-վաճառքը, սակայն, լրիվ ուշ իմաստ է ստանում:
-Գրեթե բոլոր դարերում արվեստագետն աղքատ է ապրել, 21-րդ դարում ընդունելի՞ է աղքատ-արվեստագետ հասկացությունը:
-Երբ Եվրոպայում ի հայտ եկան, այսպես կոչված, ժամանակակից արվեստագետներ, նրանք հրաժարվեցին ակադեմիական արվեստից: Առաջ եկավ «նոր արվեստ» հասկացությունը, որ նույնպես շատ բարձր արվեստ էր, ուր կար նաև օդ, տարածություն, որ չկար հին, ակադեմիական նկարչության մեջ: Նոր արվեստը շունչ առավ, ու ժողովուրդը մի տեսակ չհասկացավ, թե ինչ կատարվեց: Այդ տարիների նկարիչները, իհարկե, քաղցած էին, հիմա չկա նման բան, մոտեցումներն արվեստի, հատկապես կերպարվեստի նկատմամբ լրիվ ուրիշ են:
-Նկարի գինը կապ ունի՞ որակի հետ: Որքան թանկ, այնքան լա՞վ:
-Ոչ մի կապ չունի: Կտորի դեպքում դեռ հասկանալի է, կա որակով կտոր, կա անորակ կտոր, թեև անորակ կտորը երբեմն ավելի լավն է, քան որակովը:
-Կա՞ տարբերություն այսօրվա և հին ժամանակների նկարչական նյութերի միջև:
-Շատ մեծ: Խորհրդային տարիներին Լենինգրադում արտադրվող ներկերն ավելի որակյալ էին, քան արտասահմանյան ներկերը: Հիմա չկա նման բան, ինչ ձեռքներս ընկնում է, այդ նյութով էլ նկարում ենք: Չկա այդ հասկացությունը` որակյալ կամ անորակ: Փակ տուփի մեջ ներկը դրված է, ի՞նչ իմանաս` ինչ ներկ է:
-Թվում է` տեխնիկայի զարգացման մեր ժամանակներում նյութերը պետք է ավելի բազմազան լինեին, ընտրությունը` ավելի մեծ:
-Հիմա ավելի շատ մասսայական արտադրանք է սկսվել, որը կապ չունի որակի հետ:
-Ի՞նչ է պետք, որպեսզի հայ նկարիչը ճանաչվի արտասահմանում:
-Իմ կարծիքով` այստեղից գնացած հայ նկարիչն արտասահմանյան որևէ երկրում չի կարող անվանի դառնալ: Որովհետև անվանի դառնալու համար, նախ և առաջ, պետք է իմանալ այդ ժողովրդի մշակույթը, երկրորդը, որպեսզի կարողանաս դառնալ այդ ժողովրդի մի մասը արվեստում, տարիներ են պետք: Իսկ դա ոչ բոլորին է հաջողվում: Եվրոպայի ոչ մի երկրում չես կարող քո նկարչությամբ զարմացնել:
-Մենք ունե՞նք գնահատանքի արժանի նկարչություն:
-Ունենք շատ լավ նկարչություն, այսօրվա մեր կերպարվեստը նույնպես շատ հետաքրքիր է, թեև երիտասարդությունը տարվել է ուրիշ հովերով. իրենց թվում է` կտավի վրա մի քսվածք անելն արվեստ է: Հիմա նոր տերմին կա` նորագույն արվեստ: Արվեստը ոչ ժամանակ է ճանաչում, ոչ էլ հին, նոր կամ նորագույն։ Արվեստը կա՛մ կա, կա՛մ չկա: Երբ ես տեսա Ռաֆայելի «Սիքստինյան Մադոննան», չզգացի, որ դա 500 տարի առաջվա նկար է: Կարծես այսօր նկարված լիներ: Իսկական արվեստը ժամանակից դուրս է, ուղղակի «ժամանակակից» անվան տակ ինչ անճաշակություն ասես ցուցադրում են: Մեծ չափի կտավի վրա մի քիչ ներկ են քսում ու ցուցադրության դնում, որպես նորագույն արվեստ: Ասեմ, որ եթե կտավի վրա չկա արվեստի գործ, դա ներկած կտավ է, որքան էլ ճաշակով ներկած լինի, հետաքրքիր լինի: Որպեսզի վաճառվի, շատ նկարիչներ ոչ թե ստեղծագործում են, այլ արտադրում: Ստեղծագործությունը գալիս է մարդու հոգուց: Գրագետ մարդիկ ինչքան ուզեք կան, բայց բանաստեղծներին մատների վրա կարելի է հաշվել: Ես «Գրական թերթի» նկարիչն եմ եղել 60-ականերին: Այդ տարիների հայտնի բանաստեղծներից ոչ մեկը, որպես բանաստեղծ, այսօր չկա:
-Ձեր հիմնական մտահոգությունը, ցանկությունը:
-Խորհրդային տարիներից հետո պետական հովանավորությունը վերացավ, նոր պետությանը երևի թե չի հետաքրքրում` մեր ժողովուրդը մշակույթ ունի՞, թե՞ ոչ: Այն ժողովուրդը, որ մշակույթ չունի, ժողովուրդ չէ:
Իմ մտահոգությունն է, որ մշակույթին, արվեստին դեմ չգնան, թողնեն, որ մշակույթը զարգանա կամ գոնե չվնասեն: Շատ դեպքերում դահլիճները գնում են, որ «կաբարե» դարձնեն: Նկարիչների միության շենքը գիտե՞ք ինչ դժվարությամբ է պահպանվում: Պետությունը պետք է հովանավորի և՛ գրականությունը, և՛ թատրոնը և՛ կինոն, և՛ կերպարվեստը:
-Ցուցահանդեսներից գո՞հ եք` այցելուների առումով, արձագանքի: Ինքներդ ինչպե՞ս եք գնահատում Ձեր արվեստը:
-Կան նկարիչներ, որ ցուցահանդեսներ են բացում, իրենց ժամանակի ամենամեծ նկարիչն են հռչակում: Արվեստի գնահատականը տալիս է ժամանակը: Ես ոչ մի բան չեմ ասում, իմ նկարչությունը ժամանակին կստանա իր ճիշտ գնահատականը:


Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 3425

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ